Ռոդարի. Կախարդական թմբուկը
Մի զինվոր տուն էր դառնում պատերազմից։ Նա շատ աղքատ էր, ունեցած-չունեցածը մի թմբուկ էր միայն։ Բայց տրամադրությունը հրաշալի էր, չէ՞ որ երկար տարիների
բացակայությունից հետո վերջապես տուն էր վերադառնում։ Դրա համար էլ չորսբոլորը հնչում էր նրա թմբուկի ուրախ դղըրդոցը. «Դըմփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ, դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։
Քայլում էր նա ճանապարհով, մեկ էլ մի պառավի հանդիպեց։
– Է՜յ, փառապանծ զինվոր, պատահաբար մի սոլդո չե՞ս ունենա։
– Հաճույքով քեզ երկուսը կտայի, տատիկ, եթե ունենայի, բայց ոչ մի սոլդո չունեմ։
– Իսկապե՞ս չունես։
– Հենց այս առավոտյան քրքրեցի գրպաններս, բայց ոչինչ չգտա։
– Իսկ դու մի անգամ էլ նայի՛ր, լա՜վ փնտրիր։
– Գրպանո՞ւմս։ Լա՛վ, կփնտրեմ, եթե ուզում ես, բայց վստահ եմ, որ… վա՜յ, էս ի՞նչ բան է…
– Սոլդո, տեսնո՞ւմ ես, ուրեմն կա։
– Երդվում եմ, որ չգիտեի այդ մասին։ Հրաշալի է։ Վերցրո՛ւ, տատի՛կ, այն քեզ երևի ավելի շատ է պետք։
– Շնորհակալ եմ, զինվոր,- ասաց պառավը,- փոխարենը ես էլ քեզ մի բան կտամ։
– Իսկապե՞ս, բայց ինձ ոչինչ պետք չէ։
– Քեզ մի փոքրիկ կախարդանք կնվիրեմ։ Ուշադի՛ր լսիր։ Ամեն անգամ, երբ հնչի թմբուկդ, բոլորը կսկսեն պարել։
– Ի՜նչ զվարճալի կախարդանք է։ Շնորհակալ եմ, տատի՛կ։
– Սպասի՛ր, սա դեռ բոլորը չէ։ Մարդիկ կսկսեն պարել և չեն կարողանա կանգ առնել, քանի դեռ չես դադարեցրել թմբուկը խփել։
– Ա՛յ քեզ լավ բան։ Չգիտեմ դեռ, թե ինչ կարող եմ անել այս նվերով, բայց երևի պետք կգա։
– Էն էլ ո՜նց։
– Ցտեսությո՜ւն, տատի՛կ։
– Ցտեսությո՜ւն, զինվո՛ր։
Եվ թմբկահարը շարունակում է ճանապարհը դեպի տուն։ Գնում է իր ճանապարհով, մեկ էլ անտառից դուրս են թռչում երեք ավազակ։
– Քսա՛կդ կամ կյա՛նքդ։
– Վերցրե՛ք, Աստծու սիրուն, պայուսակս էլ վերցրեք… Միայն թե այն դատարկ է։
– Ձեռքերդ վե՛ր, թե չէ կկրակենք։
– Լսում եմ, պարոնայք ավազակներ։
– Որտե՞ղ ես թաքցրել փողերդ։
– Եթե ունենայի, երևի գլխարկիս մեջ կպահեի։
Ավազակները նայեցին գլխարկի մեջ, բայց այն դատարկ էր։
– Իսկ գուցե ականջս կմտցնեի։
Նայեցին ականջի մեջ՝ ոչինչ չկար։
– Չէ՛, ավելի շուտ քթիս ծայրին կդնեի, եթե փող ունենայի։
Ավազակները փնտրեցին, փնտրեցին և, իհարկե, ոչինչ չգտան։
– Էս դու իսկապես աղքատ ես,- բարկացան ավազակները։- Որ էդպես է, թմբուկդ
կվերցնենք, էլի բան է, գոնե մեկ-մեկ կուրախանանք։
– Վերցրե՛ք,- հոգոց հանեց զինվորը,- ափսոս է, իհարկե, հին ընկերոջից բաժանվելը,
այսքան տարի միասին ենք եղել։ Բայց եթե ձեզ այդքան պետք է…
– Պե՛տք է։
– Թույլ տվեք գոնե վերջին անգամ նվագեմ, հետո վերցրեք։ Համ էլ ցույց կտամ, թե ինչպես են թմբուկ խփում, լա՞վ…
– Դե լավ, թող այդպես լինի, նվագի՛ր։
– Շատ լավ,- ուրախացավ թմբկահարը։- Ես թմբուկ կխփեմ՝ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ, դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ», իսկ դուք պարեք։
Տեսնել էր պետք, թե ինչպես սկսեցին պարել այդ սրիկաները։ Ոնց որ տոնավաճառում
պարող արջեր լինեին։ Սկզբում դա նրանց դուր եկավ, ծիծաղում ու կատակում էին։
– Դե՛, դե՛, թմբկահար, իսկ հիմա վալս նվագիր։
– Իսկ հիմա՝ պոլկա։
– Մազուրկա։
Բայց երբ հոգնեցին, շնչակտուր եղան, ցանկացան կանգ առնել, չկարողացան։ Ուժասպառեղ ան, ոտքի վրա չէին կարողանում կանգնել, իսկ կախարդական թմբուկը նրանց ստիպում էր պարել։
– Օգնեցե՜ք։
– Պարե՛ք։
– Խնայի՜ր։
– Պարե՛ք։
– Աստծո՜ւ սիրուն։
– Պարե՛ք, պարե՛ք։
– Բավակա՜ն է, բավակա՜ն է։
– Էլ թմբուկս չե՞ք խլի ձեռքիցս։
– Չենք խլի։ Հերի՜ք է…
– Ինձ հանգիստ կթողնե՞ք։
– Ինչ ուզում ես՝ կտանք, միայն դադարեցրու նվագդ։
Բայց թմբկահարը դադարեցրեց այն ժամանակ, երբ նրանք լրիվ ուժասպառ եղած գետնին թափվեցին։
– Շատ լավ է։ Էլ հետևիցս չեք հասնի։
Թմբկահարը փախավ, բայց համենայնդեպս ժամանակ առ ժամանակ դարձյալ խփում էր թմբուկին, և այդ ժամանակ սկսում էին պարել նապաստակներն իրենց բներում, սկյուռիկները՝ ծառերի վրա և օրը ցերեկով արթնացած բվեճները։ Այդպես գնում էր թմբկահարը՝ վերադառնալով տուն։ Հանկարծ նա մի շան հանդիպեց: Զինվորը որոշեց նրա հետ ընկերություն անել և իր ճանապարհը նրա հետ շարնակել:
Քայլում էին անտառով և հանկարծ զինվորն ու շունը նկատեցին, որ ինենց հետևում էր մի մեծ արջ: Շունը սկսեց հաչալ և ուզում էր հարձակվել արջի վրա: Զինորը բռնեց իր շանը, որպեսզի նա չվնասվեր: Զինվորը մեկ էլ հիշեց իր կախարդական թմբուկի մասին: Նա սկսեց արագ թմբկահարել: Արջը սկսեց պարել ու շունն էլ հետը: Ծուռթաթ արջը շատ ծիծաղելի էր պարում: Զինվորը նրանց այնքան պարեցրեց, որ արջն ու շունն ուժասպառ ընկան և քնեցին: Զինվորն իր շանը գրկեց և արագ հեռացավ, քանի դեռ արջը քնած էր:
Զինվորն նկատեց թե ինչպես նա հասավ մի գյուղ: Նա շատ հոգնած էր, սոված ու ծարավ: Նա տեսավ մի աղջկա, ով քայլում էր իր կրտսեր եղբոր հետ: Աղջիկն էլ նկատեց զինվորին և շանը: Այդ պահին նրանք ինչ-որ բարձր ձայն լսեցին: Զինվորը տեսավ, թե ինչպես են երեք կատաղած ցուլ վազում դեպի իրենց: Զինվորը կրկին հիշեց իր կախարդական նվերի մասին և արագ սկսեց թմբկահարել:Սա ձեր պատկերացրած ամենազվարճալի տեսարանն էր. մի ամբողջ գյուղ, երեք կատաղած ցուլ, կովեր, ձիեր, ավանակներ, կատուներ, շներ, հավեր ու աքաղաղներ պարում էին ու պարում: Ցլերն այլևս կատաղած չէին, նրանք դարձել էին աշխարհի ամենաբարի ցլերը:
Աղջիկը սիրահարվեց զինվորին: Նրանք ամուսնացան, հարսանիք արեցին: Փեսան ուզում էր նվագել, բայց հյուրերը շատ խնդրեցին, որ այդ անգամ նա չնվագի, այլ միայն պարի: Յոթ օր, յոթ գիշեր հարսանիք արեցին, այնուհետև զինվորը, իր կինն ու շունը գնացին զինվորի տուն:
