Սպարապետություն, զինված ուժերը կառավարող արքունի գործակալություն հին և միջնադարյան Հայաստանում։ Գործակալը՝ գլխավոր հրամանատարը, կոչվել է սպարապետ։ 4—5-րդ դարերին սպարապետությունը ժառանգաբար վարել են Մամիկոնյանները։ Արշակունյաց թագավորության անկումից (428 թ.) հետո սպարապետությունը պահպանել է իր իրավունքները և զգալի դեր խաղացել մարզպանական Հայաստանի կառավարման գործերում։ Հայկական ռազմական ուժերը կենտրոնացնելով իր ձեռքում՝ սպարապետությունը պայքարել է երկրի ինքնուրույնության համար, գլխավորել Սասանյան Պարսկաստանի դեմ բռնկված հայ ազատագրական շարժումները (450-451 թթ., 481- 484 թթ. և այլն)։ 9—11-րդ դարերին Սպարապետություն վարել են Բագրատունիների, ապա՝ Պահլավունիների ներկայացուցիչները։ Կիլիկյան Հայաստանում սպարապետություն հիմնականում վարել են Ռուբինյանների և Հեթումյանների ներկայացուցիչները, սակայն այն չի եղել այդ տների մենաշնորհը։ Սպարապետություն հանձնվել է նաև զինվորական գործում աչքի ընկած այլ ավատատեր բերդատերերի։

