Մեզանից յուրաքանչյուրն իրականում Մեծ Ճայի գաղափարի մարմնացումն է, ազատության համապարփակ գաղափարի մարմնացումը, — երեկոները սովորաբար կրկնում էր Ջոնաթանն ափում, — վարպետորեն թռչելը միայն մի քայլ է դեպի մեր իսկական էության արտահայտումը։ Պետք է մի կողմ թողնել այն ամենն, ինչ սահմանափակում է մեզ։
Ձեր ողջ մարմինը մի թեւածայրից մինչեւ մյուսը, — մի ուրիշ անգամ ասում էր Ջոնաթանը, — այլ բան չէ, քան հենց ձեր միտքը՝ տրված տեսանելի ձեւի մեջ։ Փշրեք ձեր մտքի կապանքները եւ դուք կփշրեք նաեւ ձեր մարմնի կապանքները։
Մենք ազատ ենք գնալու ուր ուզենք եւ լինելու այնպիսին, ինչպիսին կանք, — պատասխանեց Ջոնաթանը եւ գետնից բարձրանալով ուղղվեց արեւելք՝ դեպի հայրենի ափերը, դեպի Երամը։
Մարտին, — կանչում էր նա երկնքից, — դու ասում ես, թե գիտես ցածր արագությամբ թռչել։ Դու ոչինչ չգիտես, քանի դեռ չես ապացուցել դա, ԹՌԻՐ։
Մեյնըրդ Ճայ, դու ազատե ս այստեղ եւ այժմ լինելու այնպիսին, ինչպիսին քո ես֊ն է, քո իսկական ես֊ը, եւ ոչինչ չի կարող խանգարել քեզ։ Դա Մեծ Ճայի օրենքն է, եւ օրենքն այդպիսին է։
Ջոնաթանը ներքեւ նայեց ու գլխով արեց։ — Իհարկե, չի ստացվի, չի ստացվի այնքան ժամանակ, քանի դեռ դու այդքան կտրուկ ես կանգ առնում։ Սկզբում, Ֆլեթչեր, դու ժամում քառասուն մղոն կորցրիր։ Դու պիտի այդ անես կտրուկ, բայց սահուն, կհիշե՞ս։
Գրեթե մի ժամ պահանջվեց, մինչեւ որ Երամով մեկ կանցներ Տոհմապետի հրամանը․ արհամարել նրանց։ Աքսորյալի հետ խոսող ճայը ինքն էլ է դառնում Աքսորյալ։ Աքսորյալնին նայողը խախտում է Երամի օրենքը։ Այդ պահից ճայերն իրենց գորշափետուր թիկունքներն էին դարձնում Ջոնաթանին, բայց նա կարծես ոչինչ չէր նկատում։ Նա գործնական պարապմունքներն անցկացնում էր հենց Խորհրդի Ափին եւ առաջին անգամ սկսեց քամել իր աշակերտներին մինչեւ նրանց հնարավորությունների վերջին սահմանը։
Նրանց վերադարձից մի ամիս անց միայն Երամի առաջին ճայը խախտեց֊անցավ սահմանը եւ հարցրեց, թե ինչպե՞ս կարելի է սովորել թռչել։ Այդ հարցնելով Թերրենս Լոուել Ճայը դարձավ Աքսորյալ եւ Ջոնաթանի ութերորդ աշակերտը։
Դա պատահեց ուղիղ մի շաբաթ անց, Ֆլեթչերը մի խումբ նոր աշակերտների ցուցադրում էր բարձր արագության թռիչքի տարրերը։ Յոթ հազար ոտնաչափ բարձրության վրա նա դեռ նոր էր դուրս եկել խոյաթռիչքից եւ երկար ու գորշ մի հետագիծ թողնելով դեռ սլանում էր ափից մի քանի մատնաչափի վրա, երբ իր առաջին թռիչքն անող մի ջահել ճայ մորը կանչելիս ուղիղ հայտնվեց նրա ճանապարհին։ Գոնե մեկ֊տասներորդական վայրկյանով պատանուց խույս տալու համար Ֆլեթչեր Լինդ Ճայը կտրուկ կերպով մեծ դժվարությամբ նետվեց դեպի ձախ եւ ժամում երկու հարյուր մղոնից ավելի արագությամբ խոյացավ դեպի գրանիտե կարծր ժայռը։
Ժայռը նրան մի այլ աշխարհ տանող հսկայական, ծանր դուռ թվաց։ Այրող սարսափ, հարված ու խավար, իսկ հետո չգիտես ինչպես ինքը հայտնվել էր մի տարօրինակ երկնքում, մոռանում էր, հիշում, նորից մոռանում, սարսափելի էր, տխուր ու ցավալի, անասելիորեն ցավալի։
Առավոտյան Երամն արդեն մոռացել էր իր երեկավ խելացնորությունը, բայց Ֆլեթչերը հիշում էր այն։ — Ջոնաթան, հիշո՞ւմ ես, թե ինչ էիր ասում այն ժամանակ Երամի հանդեպ ունենալիք այնպիսի սիրո մասին, որը կստիպի վերադառնալ նրանց մոտ եւ օգնել նրանց սովորելու։
Ֆլեթչըրը հոգոց հանեց ու նորից սկսեց։ — Հըմ։ Ահ… Շատ լավ, — ասաց նա՝ քննդատաբար զննելով նրանց։ — Եկեք սկսենք Հորիզոնական թռիչքից։ — Եվ այդ ասելիս նա միանգամից հասկացավ, որ իր բարեկամն իրականում աստվածային էր ոչ ավելի, քան ինքը՝ Ֆլեթչը։
«Ուրեմն սահմաններ չկա՞ն, Ջոնաթան, — մտածեց նա։ — Դե ինչ֊ այդ դեպքում հեռու չէ այն ժամը, երբ ամպերի միջից կհայտնվեմ քո ափին ու քեզ մեկ֊երկու թռիչքաձեւեր ցույց կտամ»։
Ու թեեւ Ֆլեթչերը փորձում էր աշակերտներին նայել պահանջված խստությամբ, բայց եւ այնպես նա հանկարծ բոլորին տեսավ այնպիսին, ինչպիսին նրանք կային իրականում։ Դա մի պահ տեւեց միայն, բայց այդ ընթացքում նա ոչ միայն հավանեց, այլեւ սիրեց այն, ինչ տեսավ։ «Ուրեմն սահմաններ չկա՞ն, Ջոնաթան», մտածեց նա եւ ժպտաց։ Սովորելու իր երթն սկսված էր։


