
Փորձարարական առաջադրանք: Պատրաստե՛ք ինքնաշեն էլեկտրամագնիս: Դրա համար վերցրե՛ք մեծ մեխ, փաթաթե՛ք այն մետաղալարով, իսկ դրա ծայրերը միացրե՛ք որևէ հոսանքի աղբյուրի (օրինակ՝ գրպանի լապտերի մարտկոցի): Փորձարկե՛ք էլեկտրամագնիսի ներգործությունը` այն մոտեցնելով երկաթե տարբեր առարկաների: Փորձե՛ք որոշել էլեկտրամագնիսի ամբարձիչ ուժը նրա բարձրացրած մեխերի առավելագույն թվի հիման վրա:
ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԻ ՀԱՎԱՔՈՒՄՆ ՈՒ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ
Աշխատանքի նպատակը. հավաքել էլեկտրամագնիս պատրաստի դետալներից և փորձով ստուգել, թե ինչից է կախված դրա մագնիսական գործողությունը։
Սարքեր և նյութեր. երեք էլեմենտներից (կամ ակումուլյատորներից) կազմված մարտկոց, ռեոստատ, բանալի, միացնող հաղորդալարեր, կողմնացույց, էլեկտրամագնիս հավաքելու դետալներ։
Ցուցումներ աշխատանքի վերաբերյալ
- Կազմե՛ք էլեկտրական շղթա մարտկոցից, կոճից, ռեոստատից և բանալուց՝ այդ բոլորը միացնելով հաջորդաբար։ Փակեք շղթան և կողմնացույցի միջոցով որոշեք կոճի մագնիսական բևեռները£
- Կողմնացույցը կոճի առանցքի երկայնքով տեղափոխեք այնպիսի հեռավորությամբ, որ կոճի մագնիսական դաշտի ազդեցությունը կողմնացույցի սլաքի վրա դառնա աննշան։ Կոճի մեջ դրեք մի երկաթե միջուկ և դիտե՛ք էլեկտրամագնիսի ազդեցությունը սլաքի վրա։ Արե՛ք հետևություն։
- Ռեոստատի միջոցով փոփոխեք հոսանքի ուժը շղթայում և հետևե՛ք սլաքի վրա էլեկտրամագնիսի ազդեցությանը։ Արե՛ք հետևություն։
- Պատրաստի դետալներից հավաքե՛ք պայտաձև մագնիս։ Էլեկտրամագնիսի կոճերն իրար հաջորդաբար միացրե՛ք այնպես, որ դրանց ազատ ծայրերին ստացվեն տարանուն մագնիսական բևեռներ։ Կողմնացույցի միջոցով ստուգեք բևեռները։ Կողմնացույցի միջոցով որոշե՛ք, թե որտեղ է մագնիսի հյուսիսային և որտեղ՝ հարավային բևեռը։
